Նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին, իր իսկ հավաստմամբ, օգնում են ընկերներն ու թաղի բնակիչները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ մարտի 25-ին, լրագրողները կարճատեւ զրույց են ունեցել թեկնածուի հետ՝ փորձելով ճշտել տեղեկություններն այն մասին, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքում ՀՀԿ-ի թեկնածուների, այդ թվում՝ հենց Ալեքսանյանի համար: Դիտարկմանն ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանը նշեց. «Նման բան չկա, ես դրա կարիքն էլ չունեմ: Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, իմ ընկերներս են իմ համար աշխատում, իմ թաղի բնակիչներն են օգնում»:
Ալեքսանյանը նաեւ հերքեց ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը: «Ես ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ փող ունեմ, մի հոգի մարդ կա՞, որին մենք գումար ենք տվել»,- հավելեց պատգամավորության թեկնածուն եւ նստելով մեքենա՝ ասաց, որ դա էլ իր ընկերոջ ավտոմեքենան է: