mnews

24 Մարտի, 2021

Այսօր՝ մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի  գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները Արշակունյաց  2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները որոնում էին այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հավաստի տեղեկությունների, ականատես է եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել են։

Այս պահին ոսստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում են սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանված վկայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել էին Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 28 ամյա Թաթուլ Մ.-ն: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս կասկածվում էին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել էր:

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել էին որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ նրանցից մեկը խոստովանել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել էին գետը, իսկ հետո Երևանյան լճում հայտնաբերվել էր այն:

kotayk

Լրահոս