9 Օգոստոսի, 2019
 Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքում ապրող մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նա վերցվել է ոստիկանների օպերատիվ տեսադաշտ և օգոստոսի 5-ին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել Նոր Նորքի բաժին։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ երիտասարդը օգոստոսի 3-ին Էրեբունի վարչական շրջանում 10-ից ավելի փաթեթ մարիխուանա էր գնել մի տղամարդուց՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8 հազար դրամ։

Ընդ որում՝ մի քանիսը արդեն վաճառել էր, իսկ մնացածը մեքենայում էր։ Դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա «Նիսսանը»։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ։
Այս ընթացքում Նոր Նորքի ոստիկանները պարզել են անձի ինքնությունը, ումից նա թմրամիջոց էր գնել։ Էրեբունիում ապրող 37-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 17 փաթեթ՝ ընդհանուր 44 գրամից ավելի։ Համաձայն ոստիկանության փարձաքրեգիտական վարչության եզրակացության՝ փաթեթներում մարիխուանա էր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։

Նոր Նորքի քրեական հետախույզների հաջորդ խնդիրը պարզելն էր, թե տղամարդն ումից էր գնել մարիխուանան։ Շուտով հայտնի է դարձել նաև իրացնողի ինքնությունն ու բնակության վայրը։ Օգոստոսի 5-ին Նոր Նորքի ոստիկանները մեկնել են Կոտայքի մարզի Գառնի գյուղ՝ դատարանի որոշմամբ խուզարկելու թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող 52-ամյա տղամարդու տունը։ Հայտնաբերվել են թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված, արմատախիլ արվել ու առգրավվել 102 հատ կանեփի թուփ, առգրավվել նաև կանեփի կիսաչոր 15 թուփ։ Տանտերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

kotayk

Լրահոս