28 Ապրիլի, 2020

«Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով:Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց:

Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել:

Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:

«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է Պետրոս Իսրայելյանը եւ դրական պատասխան ստանում: «Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան…», «նենց ես ծեծում, որ հիվանդանոց էթա էլի, այսինքն», «դրան պիտի բիտեքով ծեծեք որպես թշնամու», «ընգեր, պա բռատսկի մորթում եք»,- ասում է Ալիկ Բանդուրյանը, ինչին ի պատասխան Իսրայելյանն ասում է՝ «մեր սաղի համար ենք տփում»:

«Գեղամ, բայց ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն, էլի»,- զգուշացնում է Բանդուրյանը: Պետրոս Իսրայելյանն էլ հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են՝ նշելով, որ իրենց մոտ համ դուբինկա կա, համ լապատկի կոթ «Բիտեքով ասա ոտքերը ջարդեք, Գեղամ, լավ ջիգյարով…»,- հավելում է Ալիկ Բանդուրյանը:

Հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը դեպքից հետո զգուշացրել է, թե «շնական տասովկա է լինելու… չասեք, որ դեմից ծեծել եք»:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հիմնավորումները անավարտ մնացին՝ դատարանը այլ գործով ծանրաբեռնված էր: Դատախազն իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին»:

 

Ավելին՝ այստեղ:

 

kotayk

Լրահոս