19 Սեպտեմբերի, 2020

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության ընթացքը:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա­կացությունները, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տա­նը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի:

Նշենք, որ 5 օրից կլրանա ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մե­ղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով քննության մեկ տարին: Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար ան­ձինք, մասնավորապես’ ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արա­րատ Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, և դեռևս շատ հարցեր չեն էլ ստա­ցել իրենց պատասխանները:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008 թթ․՝ ոստիկանության պետի պաշտոնը: 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»,-գրում է թերթը:

kotayk

Լրահոս