24 Մարտի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որեւէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը:

Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել:

Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ:

Սակայն սա էլ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաեւ 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, եւ իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ:

Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս