26 Հուլիսի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է:

Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների և հափշտակությունների առնչությամբ: Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր: Իսկ ավելի ճիշտ, այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով:

Ու երեկ ՊԵԿ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է:

Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում և վատնում կատարելու համար:

Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը վերջին տարիների ամենամութ, բայց և ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկը կարելի է համարել: Այդ թեմային մամուլը միշտ անդրադարձել է, բայց ինչպես հիշում եք, «ձայն բարբառոյ անապատի». այդ հրապարակումներն անուշադրության են մատնվել: Իսկ հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, աղմկահարույց փաստեր են բացահայտվում:

Նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաև Գագիկ Խաչատրյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

kotayk

Լրահոս