22 Հունվարի, 2020

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով:

Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ: «2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»,- հայտնել էին «Գազպրոմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից երեկ հետաքրքրվեց՝ հետևո՞ւմ են արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվող իրադարձություններին և ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը:

Փոխվարչապետն ասաց, որ երկու հարցերն իրար հետ կապելը դիլետանտություն է՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ մինչև ապրիլի 1-ը ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի:

Անդրադառնալով սպասվող կրճատումներին՝ փոխվարչապետը նշեց. «Այնտեղ կատարվող իրադարձություններին դետալիզացված հնարավոր կլինի հետևել, երբ հայտ ներկայացնի ընկերությունն, ու ուսումնասիրություն սկսվի: Այդ ժամանակ կներկայացվեն աշխատավարձի հետ կապված հարցերը, թվաքանակը և այլ հարցեր: Սակայն, եթե ընկերությունը հայտ չներկայացնի, ապա կառավարությունն այդտեղ խառնվելու իրավասություն չունի, քանի որ դա ընկերության ներքին հարցերն են»:

Ամեն դեպքում, արձանագրենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում, որը, թերևս, բողոքի նոր ալիք կբարձրացնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս