27 Սեպտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, և որը ընդդիմություն:

ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց և ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից՝ գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաև վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեև Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաև դժվար է համարել ընդդիմադիր:

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»:

Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն, բայց և բոլորը իշխանական լծակներ ունեն՝ ՀՀԿ-ն` օրենսդիրում, մյուսները՝ գործադիրում: Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության և օրենսդրության հետևանք է:

Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե գլուխ էին կոտրում մեկ հարցի շուրջ՝ ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը: Բանն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ուստի մինչ այդ հարկավոր էր ճշտել այդ հարցը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

kotayk

Լրահոս