31 Հուլիսի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից։

Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափողական պատասխան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում: Նշենք, որ թեեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատգամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ, երեկ շատ պատգամավորներ հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, եւ ետքայլ այլեւս չի լինելու:

Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաեւ չեզոքներ, որոնց համար միեւնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն»:

kotayk

Լրահոս