17 Հուլիսի, 2019
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ:

Քաղաքացու պատմելով, որ օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»:

Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում և փակվում են մահացածի որովայնում:

«Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա: Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ես եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը:

«ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ախտաբան Գարիկ Աղաբեկյանի հետ: «Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է, հուղարկավորեն: Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետեւ հնարավոր է նորից բողոք լինի, եւ արտաշիրման հարց բացվի»,- նշեց նա:

«ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաև դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը: «Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք՝ ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ, հարուցվել է վարչական վարույթ եւ այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն»,- տեղեկացրեց մասնագետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս