mnews

17 Փետրվարի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնանկությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի խնայում անգամ իր մտերիմներին: 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հայտնվեցին նրա թիրախում և կարճ ժամանակ անց լքեցին իրենց պաշտոնները:

Նրանց թվում էին պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը: Ավելին՝ փետրվարի 4-ին գրել էինք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունում ընդհուպ մինչև տարածքային տեսչության պետերը աշխատանքից ազատման դիմումներ են գրում:

Նախ՝ ազատման դիմում էր գրել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի տարածքային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, իսկ ավելի ուշ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սևանի տարածքային հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանը: Սակայն պաշտոնանկությունների գործընթացն այսքանով չի ավարտվում:

ՊԵԿ վարչություններից մեկում, որտեղ աշխատում են պաշտոնյաների հարազատները, ՊԵԿ նախագահը «սանիտարական մաքրման» աշխատանքներ է սկսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունում, որը հիմնականում զբաղվում է մաքսային զննությամբ, միանգամից 10 հոգի ազատվել են աշխատանքից: Ասել է, թե Վարդան Հարությունյանը վարչության աշխատակիցներին այնպիսի պահանջներ է ներկայացրել, որոնք դժգոհության առիթ են դարձել:

Արդյունքում դժգոհողները հայտնվել են ոչ նախանձելի իրավիճակում՝ լքելով իրենց աշխատատեղերը: Սակայն ուշագրավն այն է, որ աշխատանքից ազատվել են ոչ պատահական անձինք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս