29 Մարտի, 2021

Մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն գաղափար՝ բուհերի շենքերը հանել վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։

Ավելի ուշ սոցկայքերում հայտնվեց իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառումը, որից պարզ է դառնում, որ սույն գաղափարը Փաշինյանի մոտ հղացել է, կամ ավելի ճիշտ՝ նա այդ մասին խոսել է դեռևս 2020 թվականի ամռանը՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ հայտարարել է, թե իր կարծիքով՝ քանի դեռ համալսարանական շենքերը գտնվում են Երևանում, կրթությունն ու գիտությունը ուղղակի չեն կարող զարգանալ։

Analitik.am-ի տեղեկություններով, այս գաղափարի ետևում իրականում կանգնած է իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով Փաշինյանին համոզել է բուհերի տարածքները վաճառել իրեն՝ դրա փոխարեն խոստանալով ակադեմիական տարածքներ կառուցել Երևանից դուրս։

Ըստ մեր աղբյուրի, իշխանական օլիգարխը նպատակ ունի թուրքերի հետ հյուրանոցային բիզնես սկսել Երևանում, իսկ բուհական շենքերը հարմար են դրա համար՝ գտնվում են մայրաքաղաքի ամենալավ հատվածներում, հայտնի են և այլ առավելություններ ունեն։

Նշենք, որ Սուքիասյանի այս գործելաոճը նորություն չէ։ Ժամանակին նա գրեթե նույն սցենարով տիրացավ «Ռոսիա» կինոթատրոնի շենքին՝ ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին համոզելով, որ կինոթատրոնի շենքը ձեռք բերելուց հետո զարգացնելու է կինոինդուստրիան, Հայաստանը դարձնելու է կինոկենտրոն, ինչի համար էլ կոպեկներով գնեց «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, սակայն կարճ ժամանակ անց կինոթատրոնը վերածվեց թուրքական ապրանքներով լցված տոնավաճառի։

Խաչատուր Սուքիասյանը հայտնի է իր ճոռոմ և այդպես էլ չիրագործված գաղափարներով՝ կինոինդուստրիայի զարգացում, գինեգործության զարգացում և այլն, որոնք առաջ է բերում բացառապես սեփական շահերի բավարարման նպատակով՝ մի դեպքում Ռոսիա կինոթատրոնի շենքը կոպեկներով գնելու համար, մյուս դեպքում՝ բուհական շենքերին տիրանալու համար։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը ևս անդրադարձել էր Խաչատուր Սուքիասյանին՝ գրելով, որ վերջինս այսօր Հայաստանում կայացվող որոշումների երեք հեղինակներից մեկն է՝ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հետ միասին։ Նա նշել էր, որ հենց Սուքիասյանն է պատասխանատու ֆինանսների ու թուրքական ուղղության համար։

 

 

kotayk

Լրահոս