16 Փետրվարի, 2021

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: «Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում»:

Արմեն Սարգսյանը, բուժմանը զուգահեռ, անցել է նաև իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը, այսինքն՝ արդեն հաճախում է աշխատանքի և որոշ հրամանագրեր է ստորագրել։ Տարածված լուսանկարում նկատեցինք, որ նախագահը Հայաստան է ժամանել կապույտ գծանշումներով անծանոթ օդանավով, որի վրա որևէ ավիաընկերության տարբերանշան չկա։ Օդանավը կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի «նախագահական» մուտքի մոտ, թիկունքում էլ երեւում է թիվ մեկ բորտը։

Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչ օդանավով է Արմեն Սարգսյանը ժամանել Հայաստան, ինչին ի պատասխան՝ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանն ասաց․ «Հանրապետության նախագահի անցած տարեվերջին արտերկիր մեկնելու եւ օրեր առաջ բուժումից վերադառնալու ճամփորդական և մյուս բոլոր ծախսերը կատարվել են ոչ պետական՝ անձնական միջոցների հաշվին: Նախագահը Երևան ժամանել է մասնավոր ինքնաթիռով, որքանով տեղյակ եմ՝ այն պատկանում է իր մտերիմ ընկերներից մեկին»:

Ենթադրաբար, օդանավը բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին է պատկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս