18 Հունիսի, 2021
«Մինչև իմ հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ:
Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև նշել է, որ եթե ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կորցնելու ենք Հայաստանը և կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ։

«Դա զուտ խոսքեր չեն, դա իրողություն է, որը կախվել է մեր գլխին»,- նշել է Վանեցյանը:

Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ պետ լինելու ժամանակահատվածում կոնկրետ հրահանգներ է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Ինձ ուղիղ հրաման է իջեցվել, որ պետք է վախեցնել Հրայր Թովմասյանին, Սահմանադրական դատարանի մյուս անդամներին վախեցնել, գտնել իրենց և իրենց ընտանիքի անդամների վրա, երեխաների վրա վարկաբեկիչ նյութեր, քրեական հետապնդում իրականացնել: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացրել է նա՝ ի պաշտոնե, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ:

«Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Իրավաբան.net
kotayk

Լրահոս