17 Օգոստոսի, 2021

Ինչպես հայտնի է, ԲԴԽ վարույթում է գտնվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու հիմքով հարուցած վարույթը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ։ Իսկ հանձնաժողովի համար վարույթը հարուցելու համար հիմք է հանդիսացել Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալության ժ/պ-ի դիմումը։ ԲԴԽ-ի օգոստոսի 12-ին կայացած նիստը հետաձգվել է, Գագիկ Խանդանյանը գտնվում է արձակուրդում, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 23-ին։

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ վարույթի պատճառն այն է, որ դատավոր Խանդանյանը ՍՊԸ-ում մոտ 2,5մլն դոլարով բաժնեմաս է ձեռք բերել, ինչը հանձնաժողովը դիտարկել է անհամատեղելիության պահանջների խախտում։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ դատավորը բաժնեմասը ձեռք բերելուց որոշ ժամանակ անց այն հանձնել է հավատարմագրային կառավարման։ Փորձեցինք տեղեկություններըն ճշտել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանից։

«Ես ոչ մի բան չեմ գնել, ուղղակի կնքել ենք պայմանագիրը, բայց քանի որ գումարը չի եղել, չենք գնել, հետ եմ վերադարձել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, նյութերը չեմ ստացել, վարկը չեն տվել, որ գնենք, գործարքը չի կայացել։ Ցանկացել ենք վարկով գնենք, վարկ չեն տվել, հետ ենք տվել»։

Հարցին, թե եթե անգամ վարկ տային, ինչպես կգնեիք՝ պատասխանեց. «Հավատարմագրային կառավարման միջոցով որեւէ խնդիր չկա։ Բայց գործարքը չի եղել, հետ եմ վերադարձել, քանի որ ոչ մի բանկ վարկ չի տվել»։

Հիշեցնենք, որ թե Սահմանադրությամբ, թե առանձին օրենքներով սահմանված են պետական պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջները։ Ըստ այդմ՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում նշված է, որ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն անհամատեղելիության պահանջները սահմանված են նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով (31-րդ հոդված 1-ին մաս)։

Անհամատեղելիության պահանջների խախտումը ընդհուպ լիազորությունները դադարեցնելու հիմք է։

 

kotayk

Լրահոս