10 Հունիսի, 2020

«Փաստ» թերթը գրում է.

«Արտակարգ դրության իրավիճակը երկրի հանրային օրակարգում փոխատեղումների պատճառ է դարձել։ Բազմաթիվ հարցեր, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեին և զգայուն տարրեր էին պարունակում, կարծես թե երկրորդ պլան են մղվել։

Երկրում առաջին տեղում է հայտնվել կորոնավիրուսի տարածման և դրա առաջացրած հետևանքների թեման, իսկ մյուս հարցերը մնում են այս թեմայի ստվերում։

Ստվերում՝ երբեմն բառիս բուն, իսկ երբեմն էլ՝ փոխաբերական իմաստով: Այն տեսանկյունից, որ կարևոր նշանակության հարցերն անտեսվում են, իսկ հանրության համար խնդրահարույց հարցերը իշխանությունները «սղացնում» են կորոնավիրուսի ստվերի ներքո:

Հարկ է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ արտակարգ դրության և պարետային ժամի հաստատման պարագայում մարդկանց տեղաշարժի և հավաքների ազատության որոշակի սահմանափակումներ են գործում։ Եվ, ըստ այդմ, քաղաքացիները չեն կարող լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին։

Ուստի իշխանությունները փորձում են իրենց քաղաքական շահերին համապատասխան օգտագործել ստեղծված իրավիճակը։ Եթե առօրյա իրադրության պայմաններում տարբեր հարցերի շուրջ իշխանությունները փորձում էին քիչ թե շատ շոշափել հանրային տրամադրությունները, հասկանալ, թե դրանց շուրջ ինչ կարգի դժգոհություններ կան, ապա համավարակի տարածման պայմաններում կարծես թե խլացվում է ժողովրդի ձայնը։

Եվ պատահական չէր, որ հրատապ կարգով խորհրդարանում վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որում ամփոփված դրույթների շուրջ բազմաթիվ մասնագետներ մտահոգություններ ունեն և կարծում են, որ այն հակասում է մեր արժեհամակարգին։

Սակայն, կարծես թե, մեզանում այս թեման այնքան էլ մեծ արձագանք չգտավ, մարդկանց ողջ ուշադրությունը սևեռված էր համավարակի թեմայի վրա, ուստի և բողոքի լուրջ ակցիաներ տեղի չունեցան։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ բողոքի ալիք կբարձրանար, եթե այս կոնվենցիան վավերացվեր ոչ արտակարգ դրության պայմաններում։

Նույնը կարելի է ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել ապրիլի 5-ին, բայց կորոնավիրուսի պատճառով որոշվեց հետաձգել, իսկ հետո խորհրդարանում որոշում կայացվեց հանրաքվեն չեղարկելու մասին։ Փաստորեն՝ իշխանությունները որոշեցին այս հարցում հաշվի չառնել հանրության ձայնը, թե արդյոք քաղաքացիները համաձա՞յն են, որ հանրաքվեն չեղարկվի, թե՞ ոչ։

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, ամեն առիթով հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց փաստորեն զանց են առնում ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով կարծիք հայտնելու իրավունքը։ Ու ընդհանրապես, իշխանությունները վաղուց թքած ունեն իրենց իշխանության բերած ժողովրդի կարծիքի վրա։

Իշխանությունները հույսեր են կապում, թե քանի դեռ հանրության ուշադրությունը սևեռված է համավարակի վրա, ապա կարելի է խնդրահարույց նախագծերն արագ անցկացնել խորհրդարանում, և արտակարգ դրության ավարտից հետո հասարակությունն արդեն կանգնած կլինի կատարված փաստի առաջ և հնարավորություն չի ունենա ազդել գործընթացների վրա»:

kotayk

Լրահոս