8 Մայիսի, 2021
«Փաստ» թերթը գրում է.

«Արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանում լիովին նոր քաղաքական իրողություն է հաստատվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ներքաղաքական դաշտը կամաց-կամաց վերջնական տեսք է ստանում, որի արդյունքում ակնհայտ է դառնում, թե ուժերի ինչպիսի դասավորություն է գործում։ Եվ քանի որ իշխանությունների՝ մեկը մյուսին հերթ չտվող ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ հավակնություններ ունեն և իրենց ներկայացրած ծրագրերով կարող են արժանանալ ընտրողների մեծամասնության վստահությանը, ապա իշխանություններին այլ ելք չի մնում, քան գործի դնել հանրության «ուղեղն արդուկելու»՝ իրենց կողմից փորձված հին մեթոդը։

Այդ գործելակերպի էությունն այն է, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրական դինամիկայի շղարշ ստեղծել։ Սակայն վիճակը խայտառակ ծանր է, և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար պետք է հնարավոր լինի փաստեր ու ցուցանիշներ բերել։ Փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ գեղեցիկ թվեր նկարելը, իսկ հետո դրանք «պուպուշ» փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելը: Բացի այդ, ամեն մի ոլորտում էլ կարելի է դրական ցուցանիշներ գտնել՝ անկախ նրանից՝ դրանք կառավարության աշխատանքի արդյունք են, թե ոչ։ Եթե հանրությանը մոլորեցնելու ուրիշ հնարավորություն չլինի, Փաշինյանը կարող է առօրյա կյանքից տարբեր դրական ցուցանիշներ պեղել, ինչպես օրինակ՝ թանգարաններ այցելությունների թվերը, ապա դրանք ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։

Պատահական չէ, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հանրության դատին էին ներկայացնում իրենց կառավարության աշխատանքի 100 փաստերը, որտեղ ինչ ասես տեղ էր գտնում։ Մնում էր՝ որպես մեծ արդյունք ներկայացնեին, որ կառավարության անդամները աշխատանքի են հաճախել, կամ մեծամասնությունը աշխատանքից չի ուշացել։ Բայց կորոնավիրուսի տարածումից ի վեր գրանցված արդյունքներն ու ցուցանիշներն այնքան կատաստրոֆիկ են, որ անգամ Փաշինյանը դադարեցրեց 100 փաստերի ներկայացման պրակտիկան։ Էլ չենք խոսում Նիկոլի պատճառով պարտված պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Եվ ահա, հիմա, երբ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, Փաշինյանը կրկին սկսել է ոչ միայն ինչ-որ դրական փաստեր գտնել ու ներկայացնել, այլև մարդկանց «ապշահար» անել, թե ինչպիսի լուրջ ապագայի ծրագրեր են նախատեսում իրականացնել՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե միայն թղթի վրա են։

Իսկ ապագայի նրա ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։ Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։

Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։

Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս