mnews

13 Մարտի, 2017

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ « ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ.Երանոսյանը և Մ.Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ.Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ:

Զննվել է դեպքի վայրը, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակը։

Նշված դեպքի շրջանակներում նույն օրը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ, ևս մեկը ներկայացել է կամավոր։ Առգրավվել են վերջիններիս հագին՝ դեպքի պահին եղած հագուստները։ Բերման ենթարկված անձինք փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալուց:

Ստուգվել է բերման ենթարկվածների սթափության աստիճանը և, համաձայն զննության արձանագրություն, նրանք գտնվել են սթափ վիճակում:

Դեպքի վերաբերյալ հաղորդում և բացատրություն է տվել Լեռնիկ Երանոսյանը։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

kotayk

Լրահոս