11 Հունիսի, 2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, հանուն պաշտոնի, Փաշինյանին «զոհաբերեց» անգամ որդեկորույս հարազատներին։ Անցումային այս խառը իրավիճակում մեր քնարական հերոսը Մեծավանի գերեզմանատանը «սրտառուչ» դրամատիկ շոու էր կազմակերպել՝ Փաշինյանին տանելով հարազատ հորաքրոջ որդու՝ Սեւակ Սերոբյանի շիրիմին։

Մեծավանում նախընտրական քարոզարշավի ելույթից հետո Արցախը բեռ համարող և 2020 թ. այն դավաճանաբար թշնամուն հանձնած Փաշինյանը գնաց գերեզմանատուն՝ իբրև թե հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհվածների հիշատակին: Հայրենադավ դեմքին ցավողի արտահայտություն հաղորդելով՝ նա խնկարկեց եւ ծաղիկ դրեց Սեւակ Սերոբյանի շիրիմին, որի մոտ նրան սպասում էին Սեւակի հարազատները:

Զոհվածի մայրը՝ Արամ Խաչատրյանի ազգականը, սրբելով արցունքները, ասաց. «Սեւա՛կ ջան, երկնքից նայի, տես՝ ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»:

«Հայրենասեր եւ զինվորասեր» Փաշինյանն էլ խիստ հուզված համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ վշտաբեկ կինը հեկեկաց. «Ես արժանի չեմ»։

Yerkir.am-ին մարզից հայտնեցին, որ շեֆի նախընտրական քարոզարշավին լիրիկական զեղումներ ապահովելու համար ծնունդով մեծավանցի Արամ Խաչատրյանին, բացի իր հարազատներից, չի հաջողվել գերեզմանատուն տանել որդեկորույս, սգացող այլ ընտանիքների։

Հիշեցնենք, որ Սեւակ Սերոբյանի մահվան կապակցությամբ Արամ Խաչատրյանը հոկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում նկարով հրապարակում էր արել՝ կից գրելով․ «Անմահացավ հերոս եղբայրս՝ Սևակ Լևոնի Սերոբյանը, Սևա՛կ ջան, իմ հարազատ, բառերը խեղդվում են կոկորդումս, չգիտեմ ինչպես արտաբերեմ բառեր, որոնք հնչելու են անցյալով ու կապվելու են քեզ հետ։ Իմ հպարտություն, իմ ամենաթանկ եղբայր, քո արյունով ներկեցիր հայոց հողն ու պարտադրեցիր այն հաղթանակը, որը, ցավոք, գալու է առանց քեզ գրկելու ու շնորհավորելու։ Անսահման է ցավս, սակայն անսահման է նաև հպարտությունս, որ հանուն Հայրենիքի մղվող սուրբ պատերազմում գլուխդ վայր դրեցիր հայոց եզերքի, տան ու օջախի խաղաղության ու հավերժի համար: իմ անմահ հերոս…. Հավերժ փառք ու պատիվ քեզ իմ հզոր եղբայր… Հոգիդ լույսի մեջ լինի, իմ սիրելի եղբայր, Իմ Սեւակ…»:

Աղբյուրը՝ yerkir.am

kotayk

Լրահոս