24 Սեպտեմբերի, 2019

 Նիկոլ Փաշինյանի՝ մի շարք իշխանամետ ԶԼՄ-ների կողմից այս օրերին փառաբանվող լոսանջելեսյան այցը ոչ միայն պետք է ակնհայտորեն ձախողված գնահատել՝ առանց էական արդյունքների, այլև՝ բացահայտողական՝ այս բառի ամենաբացասական իմաստով, իսկ բացահայտումը կապված է «ախռանա» կոչվածի հետ, որի կամայական գործողությունների զոհի կարգավիճակում էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի օրը հայտնվեցի ես:

Գլխավոր հյուպատոսությունից տեղի ԶԼՄ-ները նախապես ստացել էին հրավերք՝ մասնակցելու Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպվելիք բոլոր միջոցառումների՝ հանդիպում համայանքային ներկայացուցիչների հետ (որին ԶԼՄ-ներն այդպես էլ չմասնակցեցին՝ նախնական օրակարգից շեղվելու պատճառով), Բեվերլի Հիլզում հանդիպում լոսանջելեսյան լրատվամիջոցների հետ, հավաք՝ «Գրանդ Փարկում», որին հաջորդելու էր ճաշկերույթ, իսկ հաջորդ օրն՝ առավոտյան, բիզնես ֆորում:
ԶԼՄ-ների հետ հանդիպմումից, որն, ըստ նախնական գրաֆիկի, սկսվելու էր կեսօրին մոտ, պայմանավորված ճանապարհային խցանումներով (ոստիկանները դեպի հյուրանոց տանող ճանապարհները փակել էին, ինչի պատճառով հյուրանոց հասնելը դարձել էր խիստ ժամանակատար) ես ուշացա ընդամենը մի քանի րոպեով՝ այն էլ միայն այն պատճառով, որ, ինչպես նշվեց, ճանապարհները փակ էին և ես, ստիպված պետք էր երկրորդական ճանապարհով հասնեի նշված վայրը:

Արագորեն մոտենալով դահլիճին ու զգուշորեն փորձելով բացել դուռը՝ հանկարծ բախվեցի «ժողովրդի վարչապետի» թիկնապահներից մեկին, ով, սառը դեմքով շտապեց ինձ հիշեցնել, որ ուշացել եմ՝ միաժամանակ հարկադրելով ներկայանալ, որից հետո, կրկին կոպիտ ձևով նշեց , որ ուշացել եմ, չեմ կարող մասնակցել ասուլիսին՝ ինչից հետո դուռն ուղղակի շրխկացրեց երեսիս:

Իհարկե, ոչ միշտ է կարելի լինում անվտանգության աշխատակիցներին, ովքեր էլ նրանք լինեն, «մեղադրել» բարեկիրթ պահվածք ցուցաբերելու մեջ, սակայն անվիճելի է, որ կոնկրետ Փաշինյանի՝ մի ողջ երկրի վարչապետի պարագայում անհանդուրժելի պետք է համարել անվտանգության նմանորակ աշխատակիցներով՝ Փաշինյանի շրջապատված լինելու հանգամանքը:

Հարց է ծագում, թե հատկապես ի՞նչ չափանիշներով է Փաշինյանն  ընտրել իր անվտանգությամբ զբաղվողներին, արդյոք նրանց չե՞ն սովորեցրել՝ ինչպես պետք է վարվել լրագրողների, կամ, առհասարակ, մարդկանց հետ՝ անկախ նրանից, թե ով ինչով է զբաղվում:

Այդ մարդկանց տարրական բարեկրթության նույնքան տարրական նորմեր չե՞ն ուսուցանել, թե՞ Փաշինյանին հենց նմաններն են պետք՝ ինքն իրեն ավելի անվտանգ զգալու, առավել հպարտ համարվելու:

Կամ, եթե ինքն՝ անձամբ Փաշինյանը, լրագող եղած ժամանակ ենթարկվեր նման ոտնձգության, որն, ըստ էության, վերբալ բռնություն է, ինչպե՞ս կարձագանքեր իր հետ կատարվածին, արդյոք աշխարհով մեկ չէ՞ր բարձրաձայնի, հրապարակներում կանգնած չէ՞ր բղավի ու չէ՞ր բողոքի, որ իրեն նեղացրել են, քեֆին կպչել…

Ուշագրավ է, որ ասուլիսին ներկա լրագրողներից շատ քչերն էին, որոնց հնարավոր էր ճանաչել:
Պարզվում է՝ վարչապետը Հայաստանից իր հետ լրագրողների բանակ էր բերել՝ հավելյալ ծախսեր կատարելով, ովքեր էլ կազմում էին դահլիճում ներկաների զգալի մասը, և սա այն դեպքում, երբ նախապես հայտարարվել էր վարչապետի և տեղի հայկական ԶԼՄ-ների միջև կազմակերպվող հանդիպման մասին: Մինչդեռ տպավորություն էր, որ ասուլիսը ոչ թե ԱՄՆ-ում գործող հայկական ԶԼՄ-ների, այլ գլխավորապես ներհայաստանյան լրատվամիջոցների համար կազմակերպված միջոցառում էր, ուր լոսանջելեսյան լրատվամիջոցները մի տեսակ անտեսված, արհամարված կարգավիճակում էին հայտնվել։

Ընդ որում՝ ասուլիսի ընթացքում հնչած հարցերից ստեղծվում էր անսխալ տպավորություն, որ հարցերը նախապես համաձայնեցված էին, որոնց առյուծի բաժինն, ինչպես և կարելի էր ակնկալել, հնչեցրեցին հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն՝ առանց այն էլ կարճ տևած հանդիպմանը հնարավորութուն չտալով ամերիկահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տալ իրենց հուզող հարցերը. մեկ-երկու Փաշինյանին մոտ կանգնած լրագրողների միայն հաջողվեց հարցեր հնչեցնել:

Տպավորություն էր, որ լրագրողներին ևս, ինչպես և ողջ հայ հասարակությանը, Փաշինյանը բաժանել է սևերի ու սպիտակների՝ զատելով նախընտրելիներին իր համար ատելիներից

Վերջում՝ լրագրողներն արդարացիորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին (մասնավորապես «Ասպարեզ» օրաթերթից Արա Խաչատուրյանն և «Հորիզոն» հեռուստաընկերությունից Նանե Ավագյանն, ովքեր դիմեցին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ բարձրաձայն բողոքելով ակնհայտ անհավասար պայմաններից)՝ կապված ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի հետ, որին արժանացել էին տեղական ԶԼՄ-ները:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ժողովրդի հետ բացօթյա հանդիպմանն, ապա այստեղ նույնպես կազմակերպման մակարդակը գոհացուցիչ չէր. շոգին նույնիսկ բավարար քանակությամբ ջուր չկար, և տապն ուղղակի խեղդող էր, Փաշինյանն էլ այնքան էր քրտնել, որ նույնիսկ հեռվից տեսանելի էին ճակատով գլուր-գլուր թափվող քրտնքի շիթերը:

Միջոցառումն, ըստ էության, ոչնչի մասին էր, և միակ բանը, որով ստիպված պետք է գոհանային դրան ներկա գտնվողները, որոնց թիվն, ի դեպ, չէր գերազանցում 8-9 հազարը՝ հակառակ նախապես հայտարարված 30 հազարի, Փաշինյանի՝ արդեն շաբլոն դարձած արտահայտություններն էին՝ հպարտ հայերի ու նրանց նկատմամբ տածած վարչապետական սիրո մասին՝ համեմված «օրիգինալ» ոտանավորի կրքոտ ասմունքով:

Հանդիպման արձագանքներն, ինչպես և ակնկալվում էր, արդեն իսկ հասցրել են հնչել, և պետք է արձանագրենք, որ դրանց բացարձակ մեծամասնությունը խիստ բացասական է. մարդիկ հիասթափված են ամեն ինչից՝ թե՛ կազմակերպիչների արած գործից, թե՛ այդ գործի գլխավոր շահառուից, ով որևիցե էական հարցի պատասխան այդպես էլ չտվեց՝ առաջ բերելով նորերը:

Որևիցե էական թեմա Փաշինյանի ելույթում այդպես էլ չշոշափվեց, ստվերում մնաց անգամ ամերիկահայությանը հուզող Ամուլսարի խնդիրը:
Ի դեպ՝ արձանագրենք, որ քաղաքային իշխանությունները նախապես արգելել էին «Գրանդ» պարկում» Ամուլսարի խնդրով բողոքողներին ազատորեն արտահայտել իրենց բողոքն այնպես, ինչպես սովորաբար դա արվում է՝ տրաֆարետներով, ցուցանակներով և այլն: Բացի դա՝ պայմանավորված անվտանգային միջոցառումներով, որոնք բավական խիստ էին, էապես դժվարացել էր հրապարակում տեղաշարժն, մի քանի փողոց փակ էր, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ մանրակրկիտ զննության էին ենթարկում յուրաքանչյուրին, ով հանդգնում էր մտնել հրապարակ ու մասնակցել միջոցառմանը՝ անհարկի անհանգստություն պատճառելով ներկաներին:

Միջոցառման կազմակերպման որակն իսկապես խիստ ցածր էր, իսկ Փաշինյանի խոսքն էլ՝ անբովանդակ, և միակ բանը, որը պարզ դարձավ այդ ելույթի ընթացքում, այն էր, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել, ամեն բան մնացել է նույնն ու տեղի է ունեցել ընդամենն անձերի տեղափոխություն. Փաշինյանն, ըստ էության, զարգացման ծրագիր չունի ու բացի Սփյուռքին ներդրումներ անելու մասին կոչեր հնչեցնելուց ուրիշ ոչնչի ընդունակ չէ:

Մնացած միջոցառումներին որոշեցի չմասնակցել՝ պայմանավորված նախևառաջ այն մեծ հիասթափությամբ, որ ստիպված եղա ապրել նրա ելույթից:
Համոզվելով այս ամենի սնամեջության մեջ՝ այլևս չունեցա ցանկություն 250 դոլարանոց տոմսերով ճաշկերույթին հաց կիսել Փաշինյանի հետ կամ բաժակ բարձրացնել (ճաշկերույթի մասնակիցների թիվը 700-ն էր, որը, սակայն, այնքան էլ ներկայացուցչական չէր ստացվել)՝ մեկի, ով արհեստավարժ խաբում ու ծաղրում սեփական ժողովրդին, ով խաղում է սեփական ժողովրդի ճակատագրի հետ:

Գայանե Մանուկյան

kotayk

Լրահոս