11 Մայիսի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, եւ այդ իմաստով նրա հավակնությունը, հետեւաբար նաեւ Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլեւս նորություն չէ:

Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու մատնանշում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր եւ լուծեց այն:

Ինչո՞վ է հետաքրքրական օրինակը: Ինքնին, որպես մոդել, անշուշտ: Բայց այստեղ կա նաեւ ներքաղաքական հետաքրքրությունը կամ՝ ներիշխանական: Ի՞նչ է Իսրայելի օրինակը, զարգացման մոդելը: Այո՝ ազգ-բանակ: Այդ արձանագրումը թերեւս բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է ակնարկում Կարեն Կարապետյանն Իսրայելի զարգացման օրինակը մատնանշելով:

Ազգ-բանակ մոդելը առաջ է քաշել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա այդ հայեցակարգային նախաձեռնությունը վայելում է Սերժ Սարգսյանի ակնառու հովանավորությունը: Հատկապես վերջին շրջանում Սարգսյանին ավելի ու ավելի շատ է հնարավոր տեսնել Վիգեն Սարգսյանի կողքին: Սարգսյանին ավելի շատ հնարավոր է տեսնել պաշտպանության նախարարի, քան վարչապետի կողքին: Այդ հանգամանքը հետաքրքրական է 2018-ի համատեքստում, եւ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն իր հետնախագահական կարգավիճակի առանցքում դրել է հենց անվտանգության խնդիրը, ապա ակնհայտ է դառնում, որ ազգ-բանակ հայեցակարգը իրականում քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանի հետնախագահական «ծրագրային» հայեցակարգն է, որը այդ համատեքստում հակադրվում է Կարեն Կարապետյանի «ներդրումային» հայեցակարգին:

Ակնհայտ է, որ 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանը փորձելու է խաղարկել հենց այդ հայեցակարգը, էական չէ՝ ի՞ր, թե՞ Վիգեն Սարգսյանի վարչապետության համար: Ավելի կոնկրետ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ: Եվ այդ իմաստով Իսրայելի օրինակի մատնանշումը Կարապետյանի պատասխանն է Սերժ եւ Վիգեն Սարգսյանների «ազգ-բանակ» քաղաքական ծրագրին: Կարեն Կարապետյանը դրանով ակնարկում է, որ պատրաստ է պայքարել Սարգսյանների դեմ, այսպես ասած, նրանց իսկ զենքով: Այդ առումով ի՞նչ գաղափար է առաջ քաշելու Կարապետյանը՝ իհարկե դժվար է ասել:

Իրավիճակը իսկապես բազմիմաստ է: Եթե Կարապետյանը միանա ազգ-բանակին, ապա նա ըստ էության հայտնվում է երկրորդական դերում, քանի որ առաջնայինում կլինի, այսպես ասած, հեղինակը կամ նախաձեռնողը: Հետեւաբար Կարապետյանը կա՛մ պետք է ինչ-որ կերպ վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը, կա՛մ անվտանգության հարթության վրա առաջ քաշի ծրագրային կամ հայեցակարգային նոր մոտեցում, որը ուղիղ չհակադրվելով ազգ-բանակին՝ այդուհանդերձ, հանրային ընկալումներում կդառնա դրա հանդեպ գերակա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս