23 Նոյեմբերի, 2020
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչով դիմելով Գորիսի ավագանու անդամներին և Սյունիքի բոլոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին

«Սիրելի՛ գործընկերներ,

Գորիսի ավագանու անդամ լինելս պարտավորեցնում է այս ճատակագրական պահին քայլեր ձեռնարկել ՝ պահպանելու համար մեր երկիրը։ Մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին՝ որպես ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ներկայացուցիչ, կոչ եմ անում հանդես գալ իշխանություններին և հասարակությանն ուղղված հայտարարությամբ։

Անցած երեք տասնամյակի ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված սխալները, անիրատեսական և հաճախ ինքնախաբեության բնույթ ունեցող մոտեցումները ստեղծել և խորացրել են խնդիրներ, որոնք առավել ցայտուն դրսևորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։

Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և պատասխանատվության մերժումը ոչ թե նպաստում են լարվածության թուլացմանը, այլ ընդհակառակը՝ բորբոքում։

Թեև 2018 թ֊ի հեղափոխության ջատագովներից ու ակտիվ մասնակիցներից մեկը ես եմ եղել Գորիսում, սակայն հիմա, ըստ իս, նման իրավիճակից դուրս գալու հույսեր կարող է ծնել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը, որին կհաջորդի ազգային համերաշխության ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը բաղկացած կլինի բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։

Հարգելի գործնկերնե՛ր,

կոչ եմ անում միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից։

Միևնույն ժամանակ, կոչով դիմում եմ նաև հանրությանը՝ համախմբվելու պետականության պահպանման համար կարևոր գաղափարների շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի»,- գրել է Գևորգյանը:

 

 

kotayk

Լրահոս