19 Փետրվարի, 2020

«Փաստ» թերթը գրում է.

«Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք։ Բացի այն, որ վարակի տարածումը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այն խոստանում է լուրջ բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։

Անգամ որոշ տնտեսագետներ այնպիսի կանխատեսումներ են անում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը համաշխարհային տնտեսության ներսում կարող է հանգեցնել այնպիսի ճգնաժամային իրավիճակի, ինչպիսին 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։

Պետք է նկատի ունենալ, որ անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո։
Այդ երկիրն ապահովում է գլոբալ տնտեսության 16,9 տոկոսը, կամ գրեթե մեկ հինգերորդը։ Բացի այդ, Չինաստանը տեքստիլ արդյունաբերության հսկա է, արտադրում է ահռելի քանակով պարեն, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ։ Չինաստանում են աշխատում բազմաթիվ հայտնի ընկերությունների գործարաններ և մասնաճյուղեր։

Դեռ անցած տարի չինական տնտեսության զարգացումը սկսել էր դանդաղել՝ ԱՄՆ-ի կողմից վարվող առևտրային պատերազմի, Հոնկոնգում առկա անկայուն քաղաքական վիճակի և այլ հանգամանքների պատճառով, և, ըստ այդմ, 2019 թվականին չինական տնտեսության աճը կազմել է 6,1 %։
Այս ցուցանիշն ամենացածրն է նախորդ 20 տարիների ընթացքում։ Իսկ արդեն կորոնավիրուսի տարածումը և կարանտինի հայտարարումը նոր հարված է հասցնում չինական տնտեսությանը՝ իր բացասական ազդեցությունն ունենալով չինական առևտրի, բիզնեսի և ձեռնարկությունների աշխատանքի վրա։

Սակայն բոլորիս այս փուլում մի հարց է հետաքրքրում, թե կորոնավիրուսի տարածումը և չինական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր տնտեսությունը տարբեր ուղղություններով փոխկապակցված է չինական տնտեսության հետ։

  Հայաստանի տնտեսությունը չինական տնտեսության աճի նվազումից կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բացասական իմպուլսներ ստանալ։ 2019 թվականի տվյալներով, Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է և զիջում է միայն Ռուսաստանին։

Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,5%-ով։ Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80,7 %-ով։

Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, իսկ աճը՝ 13,1%: Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանման մասնաբաժնում ահռելի մեծ տեղ է զբաղեցնում պղնձի արտահանումը։

Իսկ ներկայումս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում Չինաստանում պղնձի պահանջարկը սկսել է նվազել, որի արդյունքում էլ պղնձի համաշխարհային գների անկում է նկատվում։

Տարբեր գնահատականներով, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով, և Հայաստանը սրա արդյունքում կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով, որն անպատճառ ազդելու է մեր տնտեսության զարգացման դինամիկայի վրա։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի գների անկում է գրանցվում շուկայում, քանի որ Չինաստանը 20 %-ով կրճատել է նավթի ներկրումը։ Սա հատկանշական է այն առումով, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է։

Իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը շատ զգայուն է նավթի գների նկատմամբ, քանի որ մեծ եկամուտներ է ստանում դրա արտահանումից։

Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Ուստի չինական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և նավթի գնանկումը հանգեցնելու են ռուսական ռուբլու՝ առանց այն էլ անկայուն դիրքերի թուլացմանը։ Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ, ապա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է իր բացասական հետքը թողնել նաև մեր տնտեսության վրա։

Մասնավորապես անկումային իրավիճակ կստեղծվի Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալներում, կնվազեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների արդյունքում ստացվող եկամուտները և այլն։

Սրան գումարենք նաև առկա լոգիստիկ խնդիրները, ու իրավիճակն առավել պարզ կդառնա: Այնինչ, մեր կառավարությանը, կարծես, առանձնապես չեն հետաքրքրում այս վտանգները:

Գոնե հրապարակային մակարդակում չեն երևում ծրագրեր, որոնք թույլ կտան նվազեցնել առկա ռիսկերը, որքան հնարավոր է: Կարևորը միլիոնավոր դոլարներ ծախսելն ու անիմաստ, երկրին, պետությանն ու քաղաքացիներին ոչինչ չտվող, միայն մեկ անձի ամբիցիաները բավարարող հանրաքվե անցկացնելն է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

kotayk

Լրահոս