28 Հունվարի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով. արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:

Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի և իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր:

Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթատեքստով խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու եւ Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին:

Երեկ Աբրահամյանը Կարապետյանին անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը «սեփական հողի հոտը կրող առվակն» է:

Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավելի ուղիղ ձեւակերպվել:

Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:

Աբրահամյանը, վստահ ենք,  այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է:

Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաև ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում»:

kotayk

Լրահոս