27 Նոյեմբերի, 2019
 Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին 2 թեկնածու է առաջադրվել՝ գործող գյուղապետ Նորայր  Մելքոնյանը և  անկուսակցական թեկնածու Աշոտ Մուշեղյանը։
-Պարոն Մելքոնյանն երկար տարիներ ղեկավարել եք Ողջաբերդ համայնքը ,մի փոքր կներկայացնե՞ք։

Ողջաբերդ գյուղը գտնվում է Աբովյանի տարածաշրջանում,գյուղի շրջակայքում պահպանվել են հին հուշարձաններ, քարայրներ: 1960-1962թթ. պեղումներից բացվել են 4-5-րդ դդ. գմբեթավոր եկեղեցու և ամրոցի ավերակներ: Գյուղը  գտնվում է է Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ճանապարհին, սողանքային գոտում է։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ: Ներկա վիճակում համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երևույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի և շինությունների վրա:

Ողջաբերդ գյուղը շուրջ 23 տարի  ղեկավարում է Նորայր Մելքոնյանը: Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 1996թ-ին  և մինչ այսօր անընդմեջ վերընտրվել է:

-Երկար տարիներ ղեկավարում եք համայնքը ,խոսեք առկա խնդիրներից։

-Ողջաբերդ համայնքը ամենամեծ խնդրի առաջ է կանգնած ,գյուղի տների մեծ մասը փլուզման վտանգի տակ է։ Բնակիչները, սակայն, հրաժարվում են լքել գյուղը։Գյուղի դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքային ակտիվ երևույթների հետ:Կարծում եմ փրկությունը կլինի համայնքի խոշորացումը։

-Ողջաբերդցիները պետությունից փոխհատուցում ստանալու համար ճանապարհ էին փակել և արդյունքում ինչ եղավ։

-Այո, Ողջաբերդ համայնքի բնակիչներն ավելի քան 300 ավտոմեքենայով փակեցին   գյուղ տանող ճանապարհը և  պահանջում էին  Կոտայքի մարզպետին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Կառավարության ղեկավարի հետ հանդիպում։ Ճանապարհը փակած բնակիչները պետությունից փոխհատուցում էին պահանջում սողանքային գոտում գտնվող իրենց տների համար՝  հակառակ դեպքում սպառնում՝ Կառավարության անդամները կգան և իրենց տներից կհանեն իրենց դիակները։ Ողջաբերդցի 106 ընտանիքի համար փոխհատուցման համար նախատեսված  գումարը հատկացվեց ,մի մասը կարողացան մի փոքր բնակավայր գնել ,մյուս մասը տարբեր ծախսեր հոգացին և այլն․․․․

-Ի՞նչով է պայմանավորված անընդմեջ առաջադրում եք  Ձեր թեկնածությունը և հաղթում, կարելի է ասել մրցակցությու՞ն չկա այս գյուղում…

-Իհարկե կա մրցակցություն, մշտապես ընտրություններին ունեցել եմ մրցակից,այս անգամ ունեմ ևս  մրցակից՝ Աշոտ Մուշեղյանը, փոքր գյուղ է և ձայների առավելագույն մեծամասնությամբ էլ միշտ ընտրվել եմ համայնքի ղեկավար: Կարծում եմ իմ երկարատև աշխատանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողացել եմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ճանաչել ու հասկանալ իմ համագյուղացիներին: Մարդիկ երևի գնահատում են արված գործը: Գիտեք, որ խնդիրներ լուծելիս, աշխատանքներ կատարելիս միշտ լինում են խոչընդոտներ, բարդություններ: Մենք էլ, ցավոք, զերծ չենք դրանցից: Սակայն պատվով կատարում ենք մեր աշխատանքները, հաղթահարում խնդիրները: Կարևոր է, որպեսզի համայնքի ղեկավար  դառնա նա, ով առավելապես վայելում է գյուղի բնակչության վստահությունը

-Կա՞ լարվածություն գյուղում ,ի՞նչպես է ընթանում քարոզարշավը:

– Լարվածություն բացարձակ չկա ,երկու թեկնածուներ ենք, քարոզարշավը շատ նորմալ է ընթանում, յուրաքանչյուրս մեզ համար: Ոչ մի խնդիր չկա: Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ:Հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ այս գյուղում ապրելու ենք, հաղորդակցվելու:Ուղղակի ինձ հետ առաջադրված թեկնածուն միշտ ակտիվանում է միայն ընտրություններից առաջ:Ցուցակները ձեռքը դռնեդուռ ընկած ման է գալիս ,լավ է անում ,խնդիր չեմ տեսնում ,ինքնել այդպես է քարոզարշավը անցկացնում:Ես հաջողություն եմ իրեն մաղթում,եթե կարող է. թող հաղթի ,ասելիք չունեմ …Իսկ ես չեմ հանդիպում,որովհետև բոլորն ինձ ճանաչում են, եթե կընտրեն կշարունակեմ աշխատել ,չեն ընտրի՜ հաջողություն բոլորիս․․

Մաղթում եմ, որ բարձր տրամադրությամբ դեկտեմբերի 8-ին մասնակցեն Ողջաբերդ համայնքի ղեկավարի ընտրություններին և լցված լինեն հավատով, որ անելու ենք ամեն ինչ նրանց հույսերն արդարացնելու համար։ Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին և շուրջ 23 տարի աշխատում եմ հնարավոր ամեն ինչ անել, առաջիկայում հնարավորինս լավ աշխատանքներով կներկայանամ իմ  համագյուղացիներին։

 Ողջաբերդը  մեր տունն է, և մենք ձգտելու ենք այստեղ իրականացնել նորանոր ծրագրեր՝ առավել բարելավելով յուրաքանչյուրի կենցաղը՝ մեծ պատասխանատվության և հետևողականության շնորհիվ:

Mnews.am

kotayk

Լրահոս