22 Սեպտեմբերի, 2019
«Մեր ժամանակի հերոսը» մրցնակաբաշխության գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակը հանձնվեց բուժիչ թեյերի արտադրությամբ զբաղվող կին ձեռներեց Ռիտա Մարտիրոսյանին:

«Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխոխական փոփոխություն է արել, քաղաքից գյուղ է տեղափոխվել: Նա հավատացել է իր ուժերին և զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Այս մրցանակը խորհրդանշում է մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ դժվար էր մրցանակաբաշխության 45 հավակնորտներից 13-ին ընտրել: Նրանք բոլորը հավասարապես մեր ժամանակների հերոսներն են:

«Մենք հարգանքի տուրք ենք տալիս յուրաքանչյուր աշխատող ու ստեղծող մարդու: Եվ ես անձամբ խոնարհվում եմ այն բոլոր մարդկանց առաջ, ովքեր գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդն իրենք են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօրվա մրցանակաբաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է: Այսօր հարգանքի ու մեծարանքի տուրք է մատուցվում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը:

«Ընդհանրապես, Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները: Այս հարցը սովորաբար մեկ պատասխան չի ունենում: Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին: Աներկբա է, որ մեր ժամանակների ու բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ: Աներկբա է, որ բոլոր ժամանակների հերոսներ են մեր գիտնականները, բազմաթիվ պետական ու քաղաքական գործիչներ: Նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է մեր հերոսական համայնապատկերին ևս մի կարևոր շտրիխ ավելացնել՝ դա աշխատող ու արարող մարդու կերպարն է: Նրանք այն մարդիկ են, ովքեր ունեն  համարձակություն՝ տնօրինել իրենց ճակատագիրը: Նրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն՝ իրենց ձեռքը վերցնել իրենց ու իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը: Այն մարդիկ են, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկից որևէ բան ստանան: Նրանք պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, հմտություններով՝ կառուցելով իրենց ընտանիքի ու հայրենիքի բարեկեցությունը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ քաղաքական հեղափոխությունն սկսվել ու իրականացվել է մեկ կարգախոսով: «Մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ մենք այսօր տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն ենք հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ մեր երկրի բարեկեցությունը, տնտեսական զարգացվածությունը, մեր բանակի հզորությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է: Մեր խնդիրն է, որ ՀՀ-ն լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր: Եվ ՀՀ-ն լինելու է բերակեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, հավատում են իրենք իրենց ուժերին և սեփական ձեռքերով կառուցում  են իրենց ընտանիքների, միջավայրի ու հայրենիքի բարեկեցիկ ներկան: Եվ բարեկեցությունը բավարար է արդեն, որ լինի ապագա»,- իր ելույթում նշեց վարչապետը:

kotayk

Լրահոս