mnews

28 Ապրիլի, 2017

Արտառոց ու միաժամանակ խայտառակ դեպք է երեկ տեղի ունեցել։ Չորս հոգի մտել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ, հայհոյել ու հարվածներ են հասցրել նրան եւ այդ պահին գրասենյակում գտնվող նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանին՝ երկուսին էլ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ որում՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանը, դատելով կատարվածին վերաբերող լուսանկարներից ու նաեւ տարածված տեղեկություններից, բավական լուրջ վնասվածքներ է ստացել:

Տեղի ունեցածը, որ ինքնին խայտառակություն է, արտառոց է այն տեսանկյունից, որ, ըստ տուժածների պատմածների, հարձակվողները նույնպես փաստաբաններ են, Փաստաբանների պալատի աշխատակիցներ:

Ինչպես ասվում է՝ չմեռանք, տեսանք նաեւ այն, ինչ մինչ օրս չէինք տեսել. փաստաբաններն էլ են հայհոյանքներով ու բռունցքներով հարաբերություններ պարզում: Ասել կուզի՝ ոչինչ մարդկային նրանց էլ խորթ չէ, որքան էլ որ օրենքի եւ իրավունքի մասնագետներ են:

Հասկանալի է, որ կատարվածով արդեն զբաղվում է ոստիկանությունը: Հասկանալի է նաեւ, որ այս խայտառակ եղելության խմորը դեռ շատ ջուր կքաշի: Այնպես որ, առայժմ փորձենք հնարավորինս համակարգված ներկայացնել երեկ արձանագրված խայտառակությանը վերաբերող հիմնական մանրամասնությունները:

Հարձակման եւ բռնության մասին հանրությունը տեղեկացավ փաստաբան Երվանդ Վարոսյանի, ապա նաեւ՝ տուժածներից Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումներից, որոնք քիչ անց արագորեն տարածվեցին ցանցային ԶԼՄ-ներով: Հարձակման ենթարկված փաստաբանները ճանաչել են հարձակվողներին:

Բռնությունից տուժած Տ.Աթանեսյանի եւ Ա.Սողոմոնյանի պատմածի համաձայն, հարձակվողներն եղել են Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը: Նրանց հետ եղած մյուս անձնավորության անունն է միայն հայտնի՝ Արսեն:

Տուժածների խոսքով, հարձակվողները մտնելով գրասենյակ, նախ, փորձել են այնտեղ գտնվող աշխատակցուհուն դուրս հրավիրել, սակայն դա տեղի չի ունեցել: Իսկ վայրկյաններ անց սկսել են հայհոյել ու հարվածել հիշատակված երկու փաստաբաններին, ինչից հետո հեռացել են գրասենյակից, որ փաստորեն վերածվել է «դեպքի վայրի»:

Տիգրան Աթանեսյանը, ինչպես նաեւ Արմեն Սողոմոնյանն ու նրանց համախոհ մի քանի այլ գործընկերներ, գրեթե համոզված են, որ երեկվա հարձակման հետեւում կանգնած է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրանք դա հիմնավորում են մասնավորապես այն հանգամանքով, որ հարձակվողները Փաստաբանների պալատի աշխատակիցներ են:

Հավելենք, որ Փաստաբանների պալատում, առհասարակ փաստաբանների համքարությունում մի որոշակի շրջան է, ինչ բավական լարված ու անառողջ մթնոլորտ է՝ համապատասխանորեն լարված ու անառողջ փոխհարաբերություններով: Այդ «ներքին» հակամարտության որոշ մանրամասներ ժամանակ առ ժամանակ սպրդում են նաեւ մամուլ՝ համեմված փոխադարձ մեղադրանքներով ու քննադատությամբ:

Տիգրան Աթանեսյանը երեկվա միջադեպից հետո պարզորոշ նշել է, որ տեղի ունեցածը կապված է ՓՊ նախագահի հասցեին իր եւ գործընկերների քննադատական հրապարակային ելույթների, հայտարարությունների հետ:

Նկատենք, սակայն, որ Տ.Աթանեսյանի եւ Ա.Սողոմոնյանի վրա կատարված հարձակմանը երեկ արագորեն արձագանքեց հենց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, որին մեղադրական սլաքներն ուղղում են տուժածները:

Արա Զոհրաբյանը երեկ մասնավորապես հայտարերել է. «Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաեւ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները եւ հրապարակումները, առավել եւս, երբ կողմերը փաստաբաններ են:

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային եւ չստուգված հայտարարություններից եւ միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձեւավորել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս