1 Հուլիսի, 2017

Հունիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից բացի, ուսումնավարժանքին մասնակցում էին նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:

Սցենարի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կար 4 տուժած:
Դեպքի վայր ժամանեցին ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խմբերը, ՓԾ մոնիթորինգի և հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երևան Ջուր», «Երևանգազ» ԳԳՄ-ի և «Էլ.ցանց» վթարային խմբերը և բրիգադները:

Ըստ սցենարի երկրորդ փուլի՝ պայթյուն տեղի ունեցավ շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից և շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: Թիվ 2 կանչով «Հանրապետության հրապարակ» կայարան են մեկնում ԱԻՆ տարբեր ՀՓՋ-ների մարտական հաշվարկները:
ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատները կարողացան շատ արագ հասնել դեպքի վայր և կատարել համապատասխան փրկարարական աշխատանքները. հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել տուժածներին մետրոպոլիտենից, որից հետո նրանց օգնություն ցուցաբերեցին ԱԻՆ բուժծառայության և հոգեբանական ծառայության աշխատակիցները: Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղադրվել էր վրան, որտեղ առաջին օգնություն էր ցուցաբերվում տուժածներին, իսկ հարևանությամբ կայանվել էին ԱԻՆ շարժական կառավարման կենտրոնը և հոգեբանական ծառայության մեքենաները` որոնք զինված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները կարողացան հաջողությամբ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

Վարժանքը նպատակ ուներ կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև՝ կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները :

Ուսումնավարժանքի ավարտին նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար` կարևորելով նմանատիպ ուսումնական վարժանքների անցկացումը:

kotayk

Լրահոս