6 Մարտի, 2017

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Հաց բերողին ազատ կարձակեն․ «Քիչ առաջ մենք մի քանի պատգամավորներով գտնվում էինք Գլխավոր դատախազի մոտ և նա հայտնեց, որ չի առարկում մեր անձնական երաշխավորության միջնորդությունն ընդունել և Հաց բերող Արթուր Սարգսյանին ազատ արձակել»։

Պատգամավորը նաև նշում է, որ հիմա իրենք գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, քիչ անց կհանդիպեն Արթուր Սարգսյանի հետ, որից հետո հանդես կգան որպես երաշխավոր։

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հաց բերողը ազատ կարձակվի յուրաքանչյուր պատգամավորից 500 հազար դրամ գրավի դիմաց մի քանի ժամվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հաց էր հասցրել խմբավորման անդամներին։ Նա մեղադրվում է խմբավորման անդամներին աջակցելու մեջ։ Մի քանի ամիս կալանավորված մնալուց հետո, նրան ազատ էին արձակել, քանի որ Արթուրն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։

Սակայն ազատության մեջ նա երկար չմնաց։ Նրան կրկին կալանավորեցին, պատճառաբանելով, որ չի ներկայացել նախաքննական մարմին, սակայն փաստաբանները բոլորովին այլ բան են ասում։ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, նրա վիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ Փաստաբանների խոսքով նա արյան փսխումներ է ունենում։ «Հաց բերողին» կալանավորելուց հետո բողոքի ցույցեր սկսվեցին Երևանում։ Օրեր շարունակ ի աջակցություն նրա Ազատության հրապարակում նստացույցեր են իրականացվում։ Նստացույցի մասնակից Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն դադարեցնի նստացույցը մինչև Արթուր Սարգսյանը չհայտնվի ազատության մեջ։

Քաղաքական-հասարակական գործիչները ստորագրահավաք սկսեցին, որպեսզի միջնորդեն Արթուրին ազատ արձակել։ Եվ կարծես, թե Գլխավոր դատախազությունը ցանկանում է վերջ տալ այդ Արթուր Սարգսյանի խոշտանգումներին և նրան ազատ արձակել։ Ավելի ուշ Դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է․ « Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին և առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա.Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից: Հանդիպման արդյունքում պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս