24 Հուլիսի, 2021

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Վերջինս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

«ՉԻ». Էս Սյունիքի մարզպետները մեր վրա գալովի են: Իբր Լիսկայի տղան քիչ էր, հիմա էլ՝ սա: Ում նշանակում են, դրա զավակները ղզղնում, աջուձախ սկսում են կրակել, աչք հանել ու էլի նման հերոսություններ: Սյունիքի այն մարզպետը, որի զավակի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, հաշվեք, որ ստից մարզպետ է:

Իսկ Գորիսում տեղի ունեցածը ոչ թե փոխհրաձգություն է եղել, այլ զավակամարտ: Նույնիսկ հաշիվն ենք խառնել, թե սա որերորդ զավակամարտն է:

Դրա համար, որպեսզի վերջ տրվի այս երևույթին, կրակոց, ջարդոց, ռազբորկա… սրանք վերանան, այսուհետ մարզպետ պետք է նշանակել արու զավակ չունեցող մարդկանց: Նրանց, ովքեր միայն աղջիկ ունեն: Կամ՝ դեռ ամուսնացած չեն: Այդ դեպքում Սյունիքում քրեածին իրավիճակը միանգամից կդզվի: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Սյունիքի մարզպետ նշանակելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այդ մարդը նաև Վահե Հակոբյան անուն-ազգանունը չկրի: Այդ անուն-ազգանունով երկու հոգու մարզպետ էին նշանակել, երկուսն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ քավոր-սանիկական հարաբերություններ էին ստեղծել:

kotayk

Լրահոս