mnews

21 Հոկտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը: «Օրինակ, կարագը թանկացել է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- ասել է վարչապետը: Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջազգային շուկայում թանկացել է, և «մենք» այդ թանկացումը զսպել չենք կարող: Բա բենզի՞նը:

Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո: Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր է, և նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում էր՝ «ո՞վ ասաց»: Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում և այլն»,- հայտարարել էր Շաբոյանը: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում:

Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը: Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն՝ պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով:

Հայաստանում գների բարձրացումները միջազգային շուկայի գներով պայմանավորելը հեշտ է: Բայց նաև՝ անհեռանկար: Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Սամվել Ալեքսանյանը՝ յուր շաքարով: Սեպտեմբերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձանագրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով: Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջազգային շուկայում: Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ… Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջազգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկոսով: Հուսով ենք՝ ներվայինները սա չկարդացին: Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն … համբերատար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս