mnews

23 Օգոստոսի, 2017

«Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ուղիղ մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ենթադրվում էր, որ պարիտետը պահելու համար այդ ֆորմատով հանդիպում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հետ: Մոսկվան, փաստորեն այնքան լուրջ է վերաբերվում այդ հարցին, որ հանդիպման վայրն անգամ նույնն է մնացել: Դա, սակայն միակ ընդհանրությունն է այս երկու հանդիպումների միջեւ, եթե չհաշվենք, իհարկե, ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումը, որը, անկասկած, առաջնային է թե Ադրբեջան եւ թե Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի զրույցներում:

Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար, քննարկելու շատ հարցեր ունեն: Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր մյուս երկու գործընկերների հետ միասին Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս հանել ճգնաժամից, ապա այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումն է: Որպեսզի հանդիպումը կայանա, ադրբեջանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ հետ չի կանգնի հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմներն ուժեղացնելու պայմանավորվածություններից, եւ հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնությունները, կոնկրետ միջոցառումներ, ժամկետներ եւ այլ:

Նման երաշխիք կարող էր տալ Իլհամ Ալիեւը Սոչիում Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Իհարկե, կարող էր նաեւ չտալ: Վաղը Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին, անպայման, կփոխանցի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը:

Ըստ որոշ գնահատականների՝ Ալիեւը որեւէ պատճառ չունի Սերժ Սարգսյանի առաջ քաշած եւ ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը վայելող օրակարգին համաձայնելու համար, եւ դա առաջին հերթին ապացուցվում է նորանոր ու ավելի հզոր զինատեսակներ ձեռք բերելու նրա մղումով: Ինչպես կարող է Ալիեւը համաձայնել խաղաղությունն ամրապնդող միջոցառումներին, եթե նպատակ ունի պատերազմելու: Մյուս կողմից՝ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, եւ որեւէ լուծում, անպայման, պետք է գտնվի: Թերեւս, հենց այդ լուծումը վաղը կփորձ գտնել Պուտինը Սերժ Սարգսյանի հետ միասին:

Եւ այստեղ շատ կարեւոր է, թե որը կլինի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Եթե նա համաձայնի Ալիեւի հետ հանդիպել որեւէ այլ օրակարգով, ապա Հայաստանը կհայտնվի նվաստացուցիչ իրավիճակում: Բանակցությունները մեկ տարի ընդհատելուց, եւ սեփական օրակարգն առաջ մղելուց հետո հետ քայլ անել դրանից, կնշանակվի երկարաժամկետ կտրվածքով կորցնել պրոցեսների վրա ազդելու թեկուզ չնչին հնարավորությունը:

Այսօր Սոչիում սպասվող հանդիպման  ժամանակ, բնականաբար, առանցքային այլ հարցեր էլ կքննարկվեն. ԵՏՄ շրջանակներում նոր զարգացումները կապված Թուրքիայի նոր հայտի հետ, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջին սերնդի հարձակողական զենքեր վաճառելը, հայ վարորդներին ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից զրկելը, ԵՏՄ-ից դուրս գալու հայաստանյան քննարկումները, եւ մի շարք այլ խոցելի թեմաներ:

Եւ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարեւոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, եւ եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով:

Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կրկին կօգտվի իմիտացիոն բանակցություններից, պատերազմի նախապատրաստությունները կծածկի բանակցությունների քողով եւ նոր հարձակման համար հարմար պահի կսպասի: Դա ավելի բարդ է անել ներկա պայմաններում, երբ խնդիրը գտնվում է Մինսկի խմբի երկրների ռեալ ուշադրության կենտրոնում: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, քան կանոնավոր բանակցությունների  մի քանի տարիներին միասին վերցրած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս