mnews

12 Մայիսի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել: Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը:

«Նիկոլ Դուման» Ա/Կ

Armtimes.com-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից պարզեց, որ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ է ստացել 1995 թվականին և գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Արցախի փողոց 23/1 հասցեում: Նույն հասցեում է գտնվում «Նիկոլ Դուման»-ի ձուլարանը, որտեղ շրջայց է կատարել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին:

Այս կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականից հանդիսանում է Կառլեն Գևորգյանը, որը «Նիկոլ Դուման»-ի 4 բաժնետերերից մեկն է 25 տոկոս բաժնեմասի տիրապետելով:

Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում է միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Այս խնդրի մասին դեռևս 2015 թվականին բարձրաձայնել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ո՞վ է Կառլեն Գևորգյանը

Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ական է, «Հայկական ժամանակ»-ը դեռևս 2003 թվականին գրել էր, որ Գևորգյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ին բաժին հասած 8 փոխնախարարի պաշտոն ստացածնեցրից մեկն է: Նա զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Քաղաքական հավակնությունները, սակայն, Կառլեն Գևորգյանին տարիների ընթացքում չեն լքել, նա 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ցանկացել է Երևանի թիվ 12 ընտրատարածքից, որն այն ժամանակ ներառում էր Էրեբունի վարչական շրջանը, պատգամավոր ընտրվել:

Որքա՞ն արժե նմանատիպ նստարանը

«Նիկոլ Դուման»-ի ձուլած նստարանները Երևանի բազմաթիվ ձուլարաններում կարելի է պատվիրել 80-ից 100 հազար դրամի սահմանում, սակայն այն ավելի էժան գնով են ստանում արտերկրում: Ստորև ներկայացված նստարանն ԱՄՆ-ում է վաճառվում, այն արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս