21 Նոյեմբերի, 2020
Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

 

«Սիրելի՛ սյունեցիներ

Դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։

Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք բոլորս։ Յուրաքանչյուրս գիտակցելով պահի կարևորությունը, մեր ներուժը, գիտելիքները, պայքարելու հմտությունները պետք է կենտրոնացնենք մեկ նպատակի վրա. անսասան պահել մեր սահմանները։

Հիշե՛նք, դեռևս 1919թ֊ի մայիսին, Շիխլինսկու ղեկավարած 15.000 հոգանոց բանակը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, իսկ 1920թ-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին կապիտուլիացիայի ծրագրով Զանգեզուր մտած խորհրդային զորքերը, Գ.Նժդեհի ղեկավարած ջոկատների շնորհիվ, մազապուրծ եղած փախան տարածքից։

Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք։ Դավիթբեկյան ուխտով, Նժդեհյան ոգով, նախնիների կանչով, միահամուռ ջանքերով, հզոր կազմակերպվածությամբ ու սերունդների առջև բարձր պատասխանատվությամբ պետք է կանգնենք Լեռնահայաստանի կողքին։

Հիշելով Նժդեհի խոսքերը՝ չթողնենք կոտրվի Հայաստանի ողնաշարը։

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող»։

Գ. Նժդեհ»:

 

 

kotayk

Լրահոս