9 Փետրվարի, 2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը գրեթե ամբողջությամբ պտրաստ են:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այն, հետաքրքիր պատկերի է ականատես եղել: ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդգրկվել է Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում: Մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանում նա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էր:

Ղուկասյանի այս ընտրությունն ուշագրավ է այն առումով, որ խորհրդային տարիներին նա ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից, եւ տարիներ առաջ մամուլում հրապարակվեց փաստաթուղթը, որի հիման վրա նա բանակում չէր ծառայել. Ղուկասյանն իբր հոգեկան հիվանդություն է ունեցել:

Ավելի ուշ նա մեկնաբանել էր, որ այդ փաստաթուղթը ձեռք է բերել, որովհետեւ ինքը դեմ է եղել խորհրդային կարգերին ու չի ցանկացել ԽՍՀՄ զինված ուժերում ծառայել, մինչդեռ հիմա պարոն Ղուկասյանն ընտրել է Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը: Մեկ ուշագրավ փաստ էլ. այս հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, որը 1994-96թթ. եղել է Աղետի գոտում կառավարության լիազոր ներկայացուցիչը:

Գյումրու քաղաքապետ աշխատած տարիներին, երբ Ղուկասյանը ՀՀԿ-ական էր, բազմիցս հրապարակային ելույթներում Անդրանիկ Քոչարյանին ու ՀՀՇ իշխանությանը մեղադրել է Աղետի գոտին թալանելու մեջ, մինչդեռ հիմա աշխատելու է նրա ենթակայության ներքո: Թե ինչպես են նրանք հիմա միմյանց հետ աշխատելու, պարզ չէ:

Բայց, մյուս կողմից, Ղուկասյանի ընտրությունը տրամաբանական է այն առումով, որ ինքը կազակական զորքերի գեներալ-մայորի կոչում ունի: Ճիշտ է, ԱԺ պաշտոնական կենսագրության մեջ այս մասին որեւէ տող չկա, բայց ավելի վաղ՝ քաղաքապետ եղած ժամանակ, Ղուկասյանը մատնանշել էր, որ 2009թ. արժանացել է «Հայ-կազակական բարեկամության համագործակցության միջազգային միավորում» կազմակերպության պատվավոր ատամանի, կազակական զորքերի գնդապետի կոչմանը եւ, վերջապես, 2010-ին` պատվավոր ատամանի, կազակական զորքերի գեներալ-մայորի կոչման»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս