1 Հոկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է մա­մուլի ուշադրության կենտրոնում՝ իր «քաջագործությունների» շնորհիվ, հերթական անգամ աչքի է ընկել իր գործունեությամբ: Այս անգամ պատ­գամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ուժերը փորձել օրենսդիր աշխա­տանքում, որն «Իմ քայլի» պատգա­մավորներից դեռ ոչ բոլորի մոտ է ստացվում:

Նա, թերևս մտածելով, որ եթե ինքը կարողացել է մաս­նակցել հեղափոխությանը և քայլել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտպանել նրան հավանական վտանգներից, հետո էլ պատգամավորի մանդատ ստանալ, օրենք գրելն ինչ է, որ չկարողանա: Եվ, ահա, մի գրանդիոզ առաջարկությամբ է հանդես եկել՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերա­բերյալ: Նախագիծը, ի դեպ, արդեն ստացել է գլխադասային հանձնա­ժողովի դրական եզրակացությունը, ընդունվել առաջին ընթերցմամբ և շուտով կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Հայկ Սարգսյանին այս նախա­գիծը թերի և ոչ լիարժեք է թվացել, և նա հանդես է եկել որոշ դրույթներ փոխելու առաջարկով: Ամենատպավորիչը 5-րդ կետին վերաբերող առա­ջարկն է. «Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝սահմանելով վարչական տուգանք կամ ազա­տազրկում մինչև 5 տարի ժամկե­տով: Պարտքով խաղադրույք կա­տարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը և «դու խաղադրույքն ընդունի, 5 րո­պեից կբերեմ» արտահայտությունը»: Եվ սա գրել է՝ ոչ ավել, ոչ պա­կաս, ԱԺ պատգամավորը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը նեղսրտում է, երբ իրեն «ախրաննիկ» են անվանում, ավելին՝ նույնիսկ դա­տի է տալիս իրեն այդպես անվա­նողներին:

Իհարկե, մենք կարող ենք պատկերացնել և համակերպվել, որ Հայկ Սարգսյանն «ախրաննիկ» չէ, անգամ ներողություն խնդրել նրան այդպես անվանելու համար, բայց արդյոք կարող ենք պատկերացնել, որ նման բովանդակությամբ առա­ջարկ անողը կարող է պատգամավոր լինել: Արդյոք պատգամավորը, որը պետք է գոնե տարրական պատկե­րացում, եթե չասենք՝ գիտելիք ունե­նա իրավաբանության, օրենքների ու օրենսդիր աշխատանքի մասին, կարո՞ղ է առաջարկել օրենքով քրեականացնել «դու խաղադրույքով ընդունի, 5 րոպեից կբերեմ» արտա­հայտությունը: Էլ չենք խոսում մյուս առաջարկների մասին:

Եվ այս առաջարկությունը նման տեսքով մուտքագրվել է ԱԺ կայք և ընդունվել ի գիտություն՝ որպես պատգամավորի կողմից ներկայացված առաջարկություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս