19 Դեկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառող իշխանությունների համար, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի՝ դիմացը տարեց ա՞նձ է, թե՞ կին, պետության առաջ վաստակ ունեցո՞ղ է, թե՞ պատերազմի վետերան, հանցանքն ապացուցվա՞ծ է, թե՞ ընդամենը չփարատված կասկածներ են, որոնք մի քանի օրից հօդս են ցնդելու։ Կարեւորը՝ բռնել, հայտարարել, ցուցադրել, խայտառակել, հետո կարեւոր չէ, թե ինչ կլինի․ կհաստատվի՞ արդյոք մարդու մեղքը, թե՞ կհերքվի։

Երեկ միանգամից 3 անձ ձերբակալեցին։ Ընդ որում, մանկատան տնօրենի մասով տեղեկացանք, որ նրա ձերբակալության մասին լուրը տարածել էին, մինչեւ ձերբակալության մասին որոշումն իրեն հաղորդելը։ Ավելին, այս կնոջ նկատմամբ իր նշանակման առաջին իսկ օրերից որոշակի բացասական վերաբերմունք ուներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նրան մի քանի անգամ առաջարկվել էր դիմում գրել, հեռանալ՝ մերժել էր։ Հետո ի հայտ եկավ որդեգրումների հետ կապված քրեական գործը, որտեղ ենթադրվում է, որ մանկատան տնօրենի մասնակցությունը պետք է չնչին լինի։

Նախ՝ որովհետեւ ծնողներից խլված երեխաները մանկատուն են տեղափոխվել միայն այն բանից հետո, երբ ծնողներն արդեն հրաժարվել են նրանցից։ Եվ երկրորդ․ որդեգրումների որոշումները կայացվել են կառավարության կողմից, այլ ոչ թե մանկատան տնօրենի։

Եթե, իսկապես, ծնողներին ապակողմնորոշել են, որ իրենց նորածիններն անբուժելի հիվանդ են՝ ճիշտը նրանցից հենց ծննդատանը հրաժարվելն է, ապա մեղավորներին պետք է փնտրել ծննդատներում, որքան էլ մանկատան տնօրենի դեմ ցուցմունքներ տան ոմանք։ Գուցե մասնակից են նաեւ որդեգրման գործընթացի մյուս օղակներում եզրակացություն տված անձինք, բայց նման որակի նախաքննության դեպքում դժվար է հավատալ առաջադրված մեղադրանքների իսկությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս