23 Հոկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, և շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։ «Ինչպես կասեր Վանոն` պատմական հայրենիքն անգամ այլևս «հեշտ» չեն սիրում»,- ասաց իշխանական մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։

«Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»: Փորձեցինք ճշտել լուրի իսկությունը․ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք` մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները։ Խոսնակը գրավոր արձագանքեց․ «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»»

kotayk

Լրահոս