16 Փետրվարի, 2017

 Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։

Մեր տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։ Մեր տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը եւ ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։ Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին․ մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին։

Տեղեկացանք նաեւ, որ նորանշանակ նախարարը որեւէ մեկի հետ նախարարությունում չի շփվում, միայն իր բերած օգնականի հետ է աշխատում, նախարարության աշխատակազմից ոչ ոք չի կարողանում մտնել նախարարի մոտ։ 

kotayk

Լրահոս