mnews

8 Ապրիլի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ ԳՄ նախորդ օրվա նիստը տևել է 20 րոպե: ԳՄ անդամները մեկ մարդու նման ներկա են եղել, որովհետև սպասումը մեծ է եղել` ԱԺ ապագա պաշտոններին առնչվող: Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել նրանց։ Նա ասել է, որ հետընտրական զարգացումներին, ԱԺ դասավորությանը, նաև թե ովքեր են մտնելու պառլամենտ, կոալիցիա կազմվելու է ՀՅԴ-ի հետ, թե ոչ, բոլոր հարցերին կանդրադառնան մյուս ԳՄ-ում:

«Քանի որ քաղաքապետի ընտրություններին ու թեկնածուի ներկայացմանը մնացել է մի քանի օր, առաջարկում եմ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, այլ կարծիքներ կա՞ն»,- հռետորական հարցադրում է արել նա: Բոլորն ուրախությունից ու հրճվանքից վեր են թռել, այդ թվում՝ նաև Գագիկ Բեգլարյանը, որը շատ բարեհոգի ժպտացել, աչքերով շնորհավորական «ուղերձ» է հղել Տարոն Մարգարյանին:

20 րոպեում ՀՀԿ-ականները միաբերան հասցրել են գովերգել նախ «շեֆի» իմաստուն որոշումը, ապա ներկայացրել են Տարոնի բարեմասնությունները, որից հետո Սերժ Սարգսյանը եզրափակել է նիստը․ «Պետք է ԱԺ ընտրությունների նման` այս ընտրություններին ևս շատ լավ պատրաստվենք»: Ի դեպ, նիստի ընթացքում անդրադառնալով պառլամենտ մտնող ՀՀԿ-ականներին, նա ասել է՝ առաջիկայում կերևա, թե ում ինքնաբացարկի դիմումները կհարգվեն, ումը` ոչ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները երկու օրինակից դիմումներ ունեն` մուտքի և ելքի: Ի դեպ, մեզ հաջողվեց նաև պարզել, որ որոշ ՀՀԿ-ականներ, այնուամենայնիվ, «ելքի» դիմումներ չեն գրել, այսինքն՝ հաստատ մտնելու են ԱԺ: Դրանք են Գալուստ Գրիգորիչը, Սամվել Ֆարմանյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս