28 Մայիսի, 2020

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

Պատմական ակնարկ

1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը թուրքեր մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային Հայաստանի Հանրապետության խորհուրդը հռչակեց անկախ:

Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»: Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:

1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:

kotayk

Լրահոս