15 Հունվարի, 2020

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:

Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:

Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:

kotayk

Լրահոս