30 Հունվարի, 2021
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով, ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը, կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել:
Մարդու այդ տեսակը երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է: Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր հայրենիքը, իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը:

Հ.Գ. Հետաքրքիր է, մարդու այդ տեսակը, երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազվթված տարածքները… Եթե այո, ապա ինչպե՞ս է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կարգավիճակում, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր: Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դո՞ւք…»:

kotayk

Լրահոս