29 Օգոստոսի, 2019
Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երևան քաղաք:

Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով և աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջևանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝ Իջևանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս», – ասված է հաղորդագրությունում:

– «Բացի այդ, ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, աշխատանքից ազատելու, ինչպես նաև՝ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016թ-ից մինչև 2018թ. աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել և լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձի ընդհանուր խոշոր չափերի գումարը»:

Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

kotayk

Լրահոս