10 Մայիսի, 2021

Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։

Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ապա նաև աշխատակազմը կապվել է նրա հետ։

Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։

Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաև հրապարակված տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե Արզումանյանը կուղարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Լրագրողը նշել է, որ վաղն առավոտյան դիմելու է Ոստիկանություն և խնդրել է Պաշտպանին հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։

Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զինվորներից մեկի հարազատը՝ դիմելով «Եռաբլուր» այցելած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասում․ «Անիծվես դու»։

kotayk

Լրահոս