22 Հունիսի, 2020

Շաբաթ օրը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ երկար տարիներ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Մինասյանի խոսքով՝ բոլոր խոշոր սեփականատերեր դարձած անձնավորությունները գումար են տալիս Փաշինյանին, ով էլ դրանով պահում է ֆեյքերի բանակը և իր կուսակցությունը.«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շանտաժով միշտ են փող աշխատել: Երբ «Հայկական ժամանակ» օրաթերթն օգտագործում էին մարդկանց մասին հերյուրանքներ չտպելով»: Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ իր դուստր Մարիամի ծննդյան օրն էր, ով դառնում էր 2 տարեկան, ՀԺ-ն մի հոդված է տպել, որտեղ գրված է եղել. թե երեխան կրել է ադամանդե թևնոց և ոսկյա ծծակ.«Դրանից հետո իմ կյանքում հայտնվեց Հայկ Գևորգյանը, ով այժմ ԱԺ պատգամավոր է, այն ժամանակ ՀԺ աշխատակից, և ասաց, որ եթե չես ուզում երեխայի մասին այդպիսի հոդվածներ գրենք, թե գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ է, ինչ-որ բան անենք: Ու ես ուզում եմ ձեզ ամոթով խոստովանել, ընտանիքս հանգիստ թողնելու համար, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառվեց թերթերը մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվռատ»»:

Armdaily.am-ի հետ զրույցում Հայկ Գևորգյանը նշել է , որ դա բացարձակապես սուտ է.«Միանշանակ հերքում եմ։ Ես ճիշտն ասած սպասում էի, որ ինձ կմեղադրի կամ իմ վրա բանսարկություններ կսարքեն ասենք ատոմակայանն է վերցրել, բաշխիչ ցանցերն է վերցրել։ «Հայկական ժամանակում» գիտեք ինչքան նյութեր են եղել հենց կոնկրետ Միքայել Մինասյանի մասին, նրա գործունեության մասին»։

Հարցին՝ երբևէ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ, Գևորգյանը նշել է . «Որպես լրագրող մի 4-5 անգամ տեսել եմ իրեն։ Նույնիսկ մի անգամ էլ փորձել եմ հարցազրույց վերցնել, դա եղել է Արոնյան-Կռամնիկ շախմատային հանդիպման ժամանակ Ազատության հրապարակի կենտրոնում։ Զրուցել ենք, բարևել ենք, ասել եմ հարցազրույց, ասել ա չէ։ Ես էլ իրեն նկարել եմ ու վերջ»։

Դիտարկմանը, թե խոսվում է համաֆինանսավորման մասին, պատգամավորը նշել է , որ նման բան չի եղել .«Իհարկե ոչ, չի եղել։ Կարող եք դիմել «Հայկական ժամանակ»-ի տնօրինությանը, այնտեղ բացահայտ Ձեզ կասեն, թե ոնց է եղել թերթի սպառումը, քանի ընկերություն է եղել թերթ սպառող»։

Հարցին՝ արդյոք թերթը սպառման հետ կապված խնդիր ունեցել է՝ Հայկ Գևորգյանը պատասխանել է . «Մինչև ինտերնետի արագ տարածումը, թերթն ընդհանրապես խնդիր չի ունեցել, բայց ինտերնետից հետո, ինչպես ամբողջ աշխարհում, «Հայկական ժամանակ» -ը նույնպես իրացման հետ խնդիր ունեցավ, դա տպագիր մամուլի դժվարությունն է, որն այսօր ապրում է»։

Armdaily.am

kotayk

Լրահոս