mnews

9 Մարտի, 2017

Նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով կրկին դիմել է «Տաշիր» ընկերության սեփականատեր, «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետեր Սամվել Կարապետյանին

«Հարգելի Պրն․ Կարապետյան,

Փետրվարի 14-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցի հիման վրա Նաիրիտ գործարանը սնանկ հայտարարելուց հետո պարտատերերի առաջին ժողովը: Դատարանում գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ Նաիրիտի առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այն շուտով կլուծարվի: Փետրվարի 17-ի որոշմամբ ընկերության նկատմամբ սկսվեց լուծարման վարույթ։

Դուք մեզ հասցեագրված նամակներում պնդում եք, որ «ՀԷՑ» ընկերությունը չի խոչընդոտի Նաիրիտի առողջացմանը, ավելին՝ այդ ուղղությամբ կառաջարկի օրենսդրությամբ նախատեսված առավելագույն բարենպաստ պայմանները։

Մեր հասարակությունը վաղուց է սովորել լսել վերամբարձ խոսքեր, սին խոստումներ, որոնք այդպես էլ խոսքից գործի չեն վերածվում։ Ավելին` ասում են մի բան, անում բոլորովին հակառակը: Նաիրիտի առողջացմանը չխոչընդոտելու մասին Ձեր խոսքերը հնչում են իբրև ծաղր` գործարանի լուծարման գործընթացի Ձեր մեկնարկի համապատկերին:

Մամուլի հրապարակումներից տեղյակ լինելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ձեր միջև առկա մտերմիկ, ընկերական հարաբերությունների մասին, ինչպես նաև հաշվի առնելով վարչապետի կողմից դրսևորվող անթաքույց և ակնհայտ բացասական վերաբերմունքը Նաիրիտի խնդրին, ենթադրությունների տեղիք է տալիս մտածելու, թե ինչու ՀԷՑ-ի հայցադիմումի համաձայն տարուց ավել ձգձգվող սնանկության գործն արագացված կարգով հանգուցալուծվեց հենց Ձեր օրոք: Պարզից էլ պարզ է, որ Նաիրիտը սնանկ ճանաչելու արագացված, արտահերթ դատական նիստը նշանակելու պատճառ է եղել ոչ թե Ձեր նման հարուստ և հաջողակ գործչի համար անհրաժեշտություն համարվող՝ գործարանի կողմից կուտակված էլեկտրաէներգիայի 1,2 մլրդ․ դրամ պարտքի պահանջը, այլ, որովհետև այդ հրահանգը եղել է քաղաքական պատվերի շրջանակում, ինչը դուք հաջողությամբ կատարեցիք։ Բավական է նշել, որ Դուք հայկական ազգանունով այն միակն եք, որն ըստ Bloomberg գործակալության՝ 500 աշխարհի ամենահարուստ մարկանցից մեկն է, և ծիծաղելի է նույնիսկ մտածել, որ այդ գումարը խիստ նշանակալից էր Ձեզ համար։

Մինչդեռ Ձեր մեկ հրահանգով հնարավոր կլիներ կասեցնել լուծարման այդ չարաբաստիկ գործընթացը, որի համար էլ դիմեցինք Ձեզ մեր նախորդ խնդրագիր-նամակներում։ Մենք նաև վստահ էինք, որ «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» մասին հոդվածի շրջանակներում Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցնելու մեր խնդրանքին ընդառաջելով՝ Ձեր միջամտությամբ օրենքի շրջանակներում կկատարվի պարտքի մարման ժամկետների հետաձգում 6 ամսով, որով հնարավորություն կտրվեր կանխել գործարանի լուծարման գործընթացը, և Նաիրիտում ներդրում իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող ընկերության համար արհեստական խոչընդոտներ այլևս չէին ստեղծվի՝ սկսելու բանակցային աշխատանքներ ՀՀ կառավարության հետ և զարկ տալու Նաիրիտի վերագործարկմանը։ Ցավոք, լուծարման գործընթացը ենթադրում է գույքի օտարմամբ պարտքերի մարում, ինչի արդյունքում նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլևս հնարավոր չի լինի վերաթողարկել գործարանը։

Մենք Ձեզ դիմեցինք մի վերջին հույսով, սակայն Ձեր բարի կամքի բացակայությունը, ցավոք, ծանր հիասթափության առջև կանգնեցրեց մեզ։ Հավատում էինք, բայց սխալվեցինք․․․ Դուք գերադասեցիք Նաիրիտի լուծարմամբ կոծկել Նաիրիտի հանցավոր թալանի մասնակիցներին, կամ էլ՝ Հայաստանի արդյունաբերության հսկային շարքից հանելով` կատարել մեր երկրի տնտեսության ողնաշարը վերջանակապես ջարդելու օտար պետության պատվերը:

Պրն. Կարապետյան, փաստորեն Նաիրիտի լինել-չլինելու, մի քանի տարի հույսով պայքարող, Նաիրիտն իր տունը համարող, հազարավոր գործազուրկ աշխատավորների ճակատագիրը Ձեր ձեռքերում է, և ժամանակն է, որ Դուք վերջնականորեն կողմնորոշվեք` ո՞րն է առավել կարևոր և գերակա` օտար երկրի գաղութային նկրտումներին հագուրդ տա՞լը, թե՞ հարազատ երկրի, Հայրենիքի շահը, պաշտոնյա ընկերոջ հետ անձնական հարաբերություննե՞րը, թե՞ Նաիրիտի հետ իրենց ողջ գիտակցական կյանքը կապած, այժմ գործազուրկ, գոյատևման խնդրի առաջ կանգնած, արտագաղթել չցանկացող հազարավոր ազնիվ աշխատավորների ճակատագիրը: Գործարարության մեջ հասնելով նման մեծ հաջողությունների՝ թույլ է տալիս մտածել, որ Դուք ունեք բարձրակարգ իրավաբաններով հագեցած հզոր թիմ, որոնք, վստահ ենք, կարող են գտնել ելքեր այս վիճակից դուրս գալու համար, որի արդյունքում չի լինի խոչընդոտ՝ ընդունել Նաիրիտում 100-150 մլն․դոլլարի ներդրումային առաջարկով հանդես եկող, ՀՀ Կառավարության կողմից հայտարարված մրցույթում հայտագրված ընկերությանը և սկսել Նաիրիտի վերագործարկման աշխատանքների մեկնարկը։

Կկարողանա՞ք Ձեր որոշմամբ բարերարի Ձեր համբավն անբիծ պահել, թե՞ կարատավորեք այն` Ձեր անունը համալրելով Նաիրիտը կործանող տխրահռչակ այն գործիչների շարքը, որոնց մասին մշտապես բարձրաձայնել ենք և կբարձրաձայնենք: Ո՞րը կլինի Ձեր ընտրությունը` ժամանակը ցույց կտա: Սա ոչ միայն Նաիրիտի շանսն է, այլև դառնալու է յուրահատուկ փորձաքար Ձեր` իբրև երկրի ու ժողովրդի համար անկեղծորեն մտահոգ մարդու և իսկական բարերարի:

Հարգանքներով՝ Նաիրիտցիների համակարգող խումբ

kotayk

Լրահոս