15 Մարտի, 2017

«Ելք» դաշինքի ցուցակում 3-րդ համարը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Հանրապետականին: Առաջարկել էր, որ իր հետ հեռուստաբանավեճի գա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երկար ժամանակ Աշոտյանը չէր պատասխանում նրա հրավերին, իսկ այսօր հանկարծ որոշեց հանդես գալ հակընդդեմ առաջարկով` հրավիրելով հեռուստաբանավեճի մասնակցել բոլոր կուսակցությունների միայն առաջին համարներին: Սակայն Աշոտյանի նոր տարբերակը չէր կարող չուղեկցվել Նիկոլի հասցեին մի քանի քաղցր խոսքերով: Եվ նա ասել էր. «Նիկոլ Փաշինյանի պատանեկան՝ մեզ շախի գցելու մարտավարությունն այս պահին դասենք Նիկոլի հերթական տապալված նախաձեռնությունների շարքին: Սա կեսկատակ: Ինչպես որ ստվերային կառավարությունն էր, միակ ընդդիմությունը, 6000 դիտորդները և այլն»:
Նիկոլի անհաջողությունների թվարկման առումով Աշոտյանը չի սխալվում, թեև սա իրավունք կտա Փաշինյանին նույն հաջողությամբ թվարկել նախկին ԿԳ նախարարի բոլոր վայրիվերումները` երգահանի տապալված կարիերայից մինչև ձախողված հեռուստատեսային շոումեն լինելը: Այնպես որ, երկուսն էլ արժանի են իրար:

Ինչ վերաբերում է հեռուստաբանավեճի մասին Աշոտյանի ներկայացրած տարբերակին, համաձայն որի կարող է լինել հրապարակային բաց բանավեճ բացառապես բոլոր կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ, ապա սա այնքան էլ վատ գաղափար չէ, եթե չլիներ Աշոտյանի հավելյալ մեկնաբանությունը: Նա ասում է, թե Նիկոլը մարդկանց քաղաքական կշիռը չափում է ցուցակում զբաղեցրած համարով, բայց ինքն էլ իր հերթին առաջարկում է առաջին համարը զբաղեցնողներին, ինչը վերստին նույնն է նշանակում: Այսինքն, Արմեն Աշոտյանը ևս մարդկանց գնահատում է ըստ համարի, բայց, ի տարբերություն Փաշինյանի, տեսնում է միայն առաջիններին: Այս իմաստով Նիկոլի համարձակությունը շատ ավելին է, և Աշոտյանը չի կարող համարել, թե այս բանավեճում նա հաղթեց: Եվ քանի որ մրցությունը դեռ շարունակվում է, սպասենք նոր հարվածների:

Shame.am

kotayk

Լրահոս