24 Դեկտեմբերի, 2020

«168 ժամ» թերթը գրում է.

«Ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության գալու «զրոյական կետը»։ Ամեն ինչ սկսելով ահա այդ «զրոյական կետից» ու հիմնավորապես ապականած լինելով անցյալը, նա ապականեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան՝ հանձնելով Արցախը ու զոհելով 5000-ից ավելի հայորդիների։

Այսինքն՝ ընդամենը երկուսուկես տարիների ընթացքում նա կարողացել է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան ու այդքանից հետո իրեն թույլ է տալիս խոսել նաև ապագայի մասին։ Այդ մասին խոսելով՝ նա հասարակությանն առաջարկում է իրեն հնարավորություն տալ ապականելու նաև առանց այդ էլ մշուշոտ ապագան։ Երևի այն պատճառով, որ հասկացել է, կամ իրեն հասկացրել են, որ եթե խնդիր է դրված պետությունն ու ազգը ոչնչացնելու վերջնականապես, ապա անհրաժեշտ է պետությանն ու ազգին զրկել ոչ միայն անցյալից ու ներկայից, այլ նաև ապագայից։ Իր այդ ծրագիրը նա իրականացրել է հետևողականորեն ու մեթոդաբար՝ հիմքում ունենալով այն կանխադրույթը, որ անցյալ չունեցող պետությունը չի կարող ունենալ նաև ներկա, իսկ ներկայից զրկված ազգն ապագա չունեցող ազգ է, իսկ անապագա ազգերը, որպես կանոն, չեն ունենում նաև պետություն ու պետականություն։

Ժամանակային այս երեք հանգրվաններում՝ անցյալի և ներկայի հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Բայց նրա առաքելությունը վերջնական կհամարվի այն ժամանակ, երբ նա Հայաստանն ու հայ ժողովրդին կզրկի նաև ապագայից։ Հայ հասարակությունն առայժմ իր անհաղորդությամբ նրան հնարավորություն է տալիս իրագործելու այդ ծրագիրը, որովհետև նույնքան կրավորական է եղել նաև անցյալը պղծելու ու դրանով ներկան թունավորելու քաղաքականության հանդեպ։ Անցյալի ու ներկայի հանդեպ տարած հաղթանակներից հետո Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս